Տիրանայում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցավ տղամարդկանց բասկետբոլի աշխարհի 2027թ. առաջնության նախընտրական փուլի Ալբանիա – Հայաստան հանդիպումը: Այդ առթիվ մեր հավաքականի գլխավոր մարզիչ, սերբ Բոգդան Կարաչիչը խաղից առաջ, տեսակապով ՀԲՖ –ի ֆեյսբուքյան էջում թիմի ընդհանուր վիճակի մասին հետևյալն էր ասել. << Տղաները լիովին տրամադրված են իրենց գործին և կենտրոնացած են հիմնական նպատակը իրականացնելու համար: Այնուամենայնիվ իրավիճակն այնքան էլ հեշտ չէ, քանի որ չեն հասցրել ունենալ անհրաժեշտ քանակի մարզումներ: Բայց խաղացողների վճռականությունն աներեր է և պետք է հավատալ, որ նրանք մրցամարտում կներդնեն իրենց ողջ ներուժը՝ հաղթելու և հաջորդ փուլ անցնելու համար: Այդ անելը նրանց ուժերից վեր գործ չէ, մանավանդ որ լուրջ վնասվածքներ չկան: Բայց ալբանացիների հետ ծանր պայքար է սպասվում և այդ մասին գիտեն մեր բոլոր 12 խաղացողները, որոնք մարտական տրամադրությամբ կելնեն ասպարեզ >>:
Բոգդան Կարաչիչի մեկնաբանությունը լիովին հաստատեց մրցամարտը: Հյուրերը հենց սկզբից ցույց տվեցին իրենց մարտական տրամադրությունը և առանց հետախուզման անցան համարձակ գործողությունների:
Տակտիկական առումով տեսանելի էր հիմնականում սահմանային անհատական պաշտպանությունը, երբ յուրաքանչյուրը հատկապես իր խաղային գոտու համար էր պատասխանատու: Այդ անելը, իսկապես իրենց ուժերից վեր գործ չէր:Այս մասին ասաց ՀԲՖ մրցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանը: Նա ընդգծեց Քրիս Ջոնսի վարպետությունը: Երբ տանտերերի հարձակումը ձախողվում էր, վահանից անդրադարձող գնդակին հիմնականում տիրում էր Ջոնսը ու կազմակերպում էր արագ հակագրոհ, որն ավարտվում էր մերոնց արդյունավետ նետումներով:
Նախկին հարավսլավական դպրոցի ներկայացուցիչ, ՀՀ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը զարմանալի << հոտառությամբ ու նրբությամբ >> էր գնահատում իրավիճակը և ճիշտ ժամանակին վերցնում էր րոպեանոց ընդմիջումը, մանավանդ երբ կրճատվում էր հաշվի տարբերությունը ու նվազում էր մերոնց առավելությունը:
Ենթադրում ենք, որ մարզիչը լիովին գոհացրեց հայ մարզասերների ցանկությունը նաև այն առումով, որ հաճախ ասպարեզ էր հանում մարզաձևի հայկական դպրոցի շնորհալի ներկայացուցիչներին: Նշենք Յուրի Մելիքյանին, Դավիթ Խաչատրյանին, Արա Գևորգյանին, որոնք արժանի փոխարինողներ հանդիսացան:
ՀՀ հավաքականը տանտերերին հաղթեց բավականին խոշոր ՝ 91 : 70 հաշվով, այն դեպքում, երբ թիմերի երևանյան խաղում մերոնք միայն վերջին վայրկյաններին ալբանացիներից կարողացան պոկել 84 : 79 հաշվով դժվարին հաղթանակը:
Ուշագրավ էր բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, մեր հավաքականի մոտ անցյալի հուսալի կենտրոնական Հրաչյա Ռոստոմյանի՝ այն ժամանակ ֆեյսբուքյան էջում արած նրա գրառումը. << Հայաստանը նայում էր բասկետբոլ, Հայաստանը վայելում էր բասկետբոլ, և մեր հավաքականը գեղեցիկ հաղթանակ տարավ։ Շնորհակալ եմ մեր թիմին, մարզիչներին և, իհարկե, շնորհակալություն մեր մարզասերներին, ովքեր խաղի ամբողջ ընթացքում քաջալերում էին մեր թիմին։
Հայաստանի հաղթանակները դեռ առջևում են >> ։
ՀԲՖ նախագահի կանխատեսումն էլ արդարանում է . . .
Ներկայացնենք Ալբանիա – Հայաստան մրցամարտից վիճակագրական որոշ տվյալներ: Մեր թիմը առաջին քառորդում հաղթեց 22 : 17, երկրորդում ընդմիջման գնաց 47 : 33 հաշվով և այդ առավելությունը հաջորդ երկու տասական րոպեներին զարգացնելով` իր համար խոսուն հաղթանակ ապահովեց:
Քրիս Ջոնս՝ վաստակեց 34 միավոր | 5 ռեբաունդ | 8 փոխանցում
Անդրե Սպայթ Մկրտչյան՝ 22 միավոր | 3 ռեբաունդ | 6 խլում
Զաք Թավիտյան՝ 18 միավոր | 8 ռեբաունդ | 1 խլում
Գաբրիել Աճեմյան՝ 9 միավոր | 6 ռեբաունդ | 1 խլում
Ալբերտ Թադևոսյան՝ 8 միավոր | 6 ռեբաունդ | 1 փոխանցում
Հաջորդ փուլ մեր հավաքականի անցնելու հարցը կորոշվի մյուս ենթախմբերի նախընտրական հանդիպումների ավարտից հետո: