Մարտի 14-ից 22-ը Ռումինիայի Բրեիլա քաղաքում անցկացվելու է մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ առաջնությանը կմասնակցի յոթ բռնցքամարտիկ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մայրցամաքի առաջնությունում հանդես կգան. 49 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան, 56 կգ՝ Ալեն Դանիելյան, 60 կգ՝ Հրայր Շահվերդյան, 69 կգ՝ Գուրգեն Մադոյան, 75 կգ՝ Արմեն Մինասյան, 91 կգ՝ Նարեկ Մանասյան եւ +91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան:
Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ վերջին շաբաթների ընթացում հավաքականն ուսումնամարզական հավաքներ է անցկացրել Երեւանում, «Դինամո» մարզական ընկերության դահլիճում.
«Այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երկրորդ անգամ եւ երիտասարդների համար ավելի բարձր տարիք ունեցողների հետ իրենց հնարավորությունները փորձարկելու լավ հնարավորություն է մեծահասակների ռինգ մտնելուց առաջ: Մենք մարզչական խմբի հետ արել ենք ամեն բան, որպեսզի առաջնությանը լավ մարզավիճակով ներկայանանք: Պայքարելու ենք մրցանակային տեղերի համար», - ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Լուսանկարը` ՀԲՖ-ի