ՀԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

11:27 - 20 Մար, 2025

Այսօր երեկոյան,  ժամը 21:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կսկսվի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության ծրագրով  անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը երեկ հանդիպել է լրագրողների հետ: Նա ասել է, որ Վրաստանի հավաքականի խաղային ձեռագրին ականատես է եղել, երբ ինքը  Հունաստանի հավաքականի  գլխավոր մարզիչն էր:  

Մրցակիցը լուրջ թիմ  է, խաղացողներն օժտված են տեխնիկական հարուստ հնարքներով և խաղային այլ որակներով: Դա մեր՝ հայ  ֆուտբոլիստների համար նորություն չէ, քանզի հարևան երկու երկրների թիմերը տասնամյակներ շարունակ միմյանց հետ մրցել են և աչքի են ընկել այդ հատկանիշներով:

Մարզիչը նշել է նաև, որ հետևել է ՀՀ առաջնության ընթացքին: Որոշ հանդիպումներ նրան դուր են եկել: Առավել աչքի ընկած խաղացողների համար  բաց են հավաքականի դռները:  

Հիմնական նպատակը աշխարհի առաջնության  ընտրական փուլին լավ նախապատրաստվելն է: Ինչ վերաբերում է վրացիների հետ հանդիպմանը, ապա պետք  է հավատալ դաշտի տերերի վարպետությանը և հուսալի խաղով աչքի ընկնելու ցանկությանը:   

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը  նույնպես խոսել է  հանդիպման, թիմակիցների մարտական տրամադրության և համակազմում տիրող առողջ մթնոլորտի  մասին:

Նշենք, որ Հայաստան-Վրաստան խաղը կսպասարկի Ռումինիայի մրցավարական  անձնակազմը։

Այլ նորություններ