Սերբիայի Զլատիբոր քաղաքում ապրիլի 8 – 10 –ը անցկացվեց համաշխարհային գիմնազիադա անվանումով մարզական միջոցառում:
Աթլետիկայի մրցումներին մասնակցեցին Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Առավել հաջող հանդես եկավ վանաձորցի արագավազորդ Գառնիկ Կոստանդյանը: Նա հաջողությամբ հաղթահարեց 200մ. վազքի նախնական փուլի արգելքը և մտավ եզրափակիչ: Մարզիչ Ակսել Հակոբյանի սանը վճռական մրցահերթում տարածությունը հաղթահարեց 24, 48 վայրկյանում և եզրափակեց << Հրաշալի յոթնյակը >>:
Երկօրյա ընդմիջումից հետո Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ խճուղային վազքի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը: Մասնակիցները պայքարեցին 10 կմ, 21 կմ / կիսամարաթոն և / 42 կմ 195մ / մարաթոնյան / վազքերում: Հայտավորվածներից երկուսը ներկայացնում էին մեր երկիրը: Գոհացրեց ՀՀ դրոշի ներքո հանդես եկած, ամերիկաբնակ Նինա Ուսուբյանը: Մարաթոնյան վազքում 42 և ավելի կիլոմետրը նա հաղթահարեց 2 ժամ. 40 րոպե, 40 վրկ. ժամանակում, գրավեց 14 –րդ տեղը և սահմանեց Հայաստանի նոր ռեկորդ:
Մեր երկրորդ պատվիրակ, արտաշատցի Ռոման Ալեքսանյանը նույնպես հանդես եկավ մարաթոնյան վազքում: Նա թեև վատառողջ էր, բայց մասնակցեց վազքին և հատեց եզրագիծը` ցույց տալով 2. 53, 19 արդյունք: Ջերմող մարզիկը, անշուշտ, ավելի բարձր ցուցանիշի կհասներ, մանավանդ որ նախորդ մրցաշրջանի ավարտին գրանցել էր 2, 30 ժամանակ:
Այս տեղեկությունները մեզ տրամադրեց մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը: Նա նաև հավելեց , որ ապրիլի 25 – 26 –ին Իրանի Մաշադ քաղաքում կանցկացվի միջազգային խոշոր մրցաշար: Մեր երկրից կմասնակցեն անվանի վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը և արտաշատցի ցատկորդ Գոռ Հովակիմյանը: Նրանցից առաջինը կմրցի 1500մ. և 5000մ.վազքատարծություններում, իսկ երկրորդը ՝ եռացատկում և հեռացատկում: Նրանց մրցավայր կուղեկցի ցատկորդի մարզիչ-հայրը ՝ Գառնիկ Հովակիմյանը:
Աթլետների մրցուղերթի հետ կապված հարցերում, իրանցի գործընկերոջ հետ, մեծ օժանդակություն է ցույց տվել մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: