ՀԻՇԵՆՔ ՉԵՄՊԻՈՆՈՒՀՈՒՆ

15:57 - 10 Հուն, 2025

Շատ ենք հպարտանում  օլիմպիական  խաղերի հայաստանցի 14 չեմպիոններով: Նրանցից մեկն է  անվանի սկավառականետորդուհի, օլիմպիական խաղերի հայաստանցի հինգերորդ չեմպիոն / Մյունխեն,  1972թ. /   Ֆաինա Մելնիկը: 

Երեկ՝ հունիսի 9 –ին, նա կդառնար 80 տարեկան: Բայց . . .     

Ծնվել է 1945 թ. Ուկրաինայի  Կոստանդինովկա փոքրիկ քաղաքում: Հրավիրվել է   Հայաստան, սիրել մեր երկիրն ու դարձել  նրա առաջատար աթլետը:

<< Սևան >> գյուղական մարզընկերության սանուհին  մեր երկրի հավաքականի կազմում դարձավ  ԽՍՀՄ ութակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ-ԱՄՆ հավաքականների մրցամարտերի և միջազգային խոշոր այլ մրցաշարերի բազմակի հաղթող: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ Է:  Սահմանել է համաշխարհային 11 ռեկորդ, որոնց շնորհիվ նա վեց մետրով ավելացրել է սկավառականետման բարձրագույն նիշը`  64-ը հասցնելով 70 մետրի: Նման արդյունք պատմության ընթացքում աշխարհի ոչ մի նետորդուհի չէր սահմանել: Այդ հանգամանքը գնահատելով` աթլետիկայի միջազգային ֆեդերացիան մեր  մարզուհուն  1987թ. ճանաչել է բոլոր ժամանակների աշխարհի թիվ մեկ սկավառականետորդուհի, իսկ 2010թ. Հայաստանում թողարկվել է Ֆաինա Մելնիկին նվիրված նամականիշ:

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո,  35-ը բոլորած չեմպիոնուհին ընդունվեց և ավարտեց Մոսկվայի բժշկական ինստիտուտը,  ստացավ ստոմատոլոգի որակավորում / 1986թ./:

Բայց նա հավատարիմ մնաց իր մարզաձևին և համատեղեց երկու մասնագիտությունները: Հուսալի բժշկուհին նաև հմուտ մարզիչ դարձավ: Նրա  մոսկվացի  սանուհիներից երկուսը ` Նատալյա Լիսովսկայան և Սվետլանա Կրիվելյովան  հաջորդաբար Սեուլում և Բարսելոնում դարձան օլիմպիական խաղերի չեմպիոնուհիներ:

. . .  2016թ. դեկտեմբերի 16-ն էր, կեսօր: Մոսկվայից արագորեն Երևան գուժեց տխուր, մի տեսակ անհավատալի լուրը. վախճանվել է    ՖԱԻՆԱ ՄԵԼՆԻԿԸ: Եվ գիտեք ինչպես ` սայթաքել էր, ընկել ու վերջ:

Այլ նորություններ