
<< Միլանո Կորտինա – 2026>> ձմեռային օլիմպիական խաղերի ջահերը իրենց նորարարական դիզայնի համար արժանացել են «Compasso d'Oro» միջազգային մրցանակի:
Պատվավոր մրցանակը, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է «ոսկե կողմնացույց», հիմնադրել է Ջիո Պոնտին՝1954թ. և համարվում է ամենահին արդյունաբերական դիզայնի ճանաչող կազմակերպությունը:
Նշենք, որ ջահերի շնորհանդեսը տեղի է ունեցել Expo - 2025 ցուցահանդեսի ժամանակ, որին մասնակցել են մարզաշխարհի բազմաթիվ լեգենդներ: Դրանք կցուցադրվեն Օսակայի Expo 2025 -ի Իտալիայի տաղավարում՝ մինչև հոկտեմբերի 13-ը, ապա նաև Միլանի Տրիենալեում մինչև 2026թ. օլիմպիական և պարալիմպիկ ձմեռային խաղերի ավարտը։ Այնուհետև դրանք կմիանան Լոզանի օլիմպիական թանգարանի ջահերի հեղինակավոր հավաքածուին։

Հավաքածուն, որը կոչվում է «Essential», ունի նույն կառուցվածքային դիզայնը: Նրանցից յուրաքանչյուրը կշռում է 1060 գրամ (առանց վառելիքի), պատրաստված են ալյումինի և արույրի վերամշակված համաձուլվածքից, աշխատում են Bio-LPG-ով, որը կայուն գազ է, ստացվում է թափոններից ու կարող է վերստին օգտագործվել մինչև տասը անգամ:
Կանթեղների միջև տարբերությունը նվազագույն է. օլիմպիականը կապույտ-կանաչ երանգներ ունի և ոգեշնչված է Իտալիայի փոփոխվող երկնքով, մինչդեռ պարալիմպիկի տարբերակը փայլում է բրոնզի արտացոլմամբ ու ներկայացնում է մարզիկների ներքին ուժը: Երկուսն էլ ունեն ծիածանագույն ծածկույթ: Դա ներկայացնում է լույսն ու շրջակա միջավայրը՝ ամրացնելով կապը սպորտի, բնության և ապագայի միջև:
Փոխանցավազքը կսկսվի Հունաստանի Օլիմպիայից, ապա կանցնի Իտալիայի բոլոր նահանգներով, իսկ գագաթնակետը կլինի Միլանում՝ 2026թ. փետրվարի 6-ին, խաղերի բացման արարողության ժամանակ:
Ձմեռային 25 – րդ օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնացել է 150 օր: