ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ

11:17 - 05 Նոյ, 2025

Սկզբից ևեթ շնորհավորենք Հայաստանի ծանրամարտի  երիտասարդական հավաքականին Եվրոպայի  առաջնությունում թիմային հաղթանակ տոնելու առթիվ: Մեր պատվիրակները նվաճեցին յոթ ոսկե, երեքական արծաթե և բրոնզե մեդալ: Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Թուրքիայի՝ 16 ( 5 + 8 + 3 )  և Վրաստանի 10 (4+ +4  +2 ) թիմերը:

Առաջինը ճանաչվելու գործում վճռական դեր խաղաց երեկ ՝ մրցաշարի  վերջին օրը, ծանրահարթակի վրա մարտնչած մեր մինչև 23 տարեկան դյուցազունների մեդալաբեր ելույթը:

Իր հեղինակությանը արժանի կիլոգրամներ սանձեց և չեմպիոն հռչակվեց գյումրեցի Գարիկ Կարապետյանը ( 110 կգ ): Երկամարտում նրա հաշվին գրանցվեց 397 կգ  (182 կգ + 215 կգ ): Այս հաղթանակի շնորհիվ մեր թիմը արդեն գերազանցեց Թուրքիայի պատվիրակներին, իսկ չեմպիոնը իրենով հպարտանալու պահեր պարգևեց անձնական մարզիչ հորը՝ անցյալի նշանավոր վարպետ Ալեքսան Կարապետյանին:

Դա դեռ վերջինը չէր: Արժեքավոր ոսկե պարգև իր թիմի հաշվեկշռին գումարելու վճռականությամբ ծանրահարթակ ելավ նաև էջմիածինցի գերծանրքաշային Աշոտ Մովսիսյանը: Եվ նա իրենը արեց: Վաստակավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանի սանը իր քաշին համապատասխան ծանր կիլոգրամներ պահեց գլխավերևում, չեմպիոնական ծանրակշիռ հաղթանակ տոնեց՝ 384 կգ (168 կգ + 216 կգ ) ու օրինաչափ դարձրեց մեր երիտասարդական ընտրանու՝  ուժեղագույն հռչակվելը հին աշխարհամասում:

Բարձր տրամադրությամբ անձնական մարզիչներին՝ Սամվել և Դավիթ Մուրադյաններին կներկայանա նաև հուսալի բարձրքաշային, արարատցի Մնացական Աբրահամյանը ( 94 կգ ): Երկամարտում  նա ունեցավ << արծաթազօծ >> ցուցանիշ՝ 361 կգ ( 160 կգ + 201 կգ ):

Եվրոպայի երիտասարդների և  մինչև 23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը հինգերորդն է:

Մրցաշարի լավագույն ծանրորդ են ճանաչվել  Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանը:

Հաջողության գործում անուրանալի է նաև հավաքականների մարզիչների կատարած արգասաբեր  աշխատանքը: Գնահատելի է հատկապես վաստակաշատ Փաշիկ Ալավերդյանի, նրա օգնական Հակոբ Փիլոսյանի, կանանց թիմի ղեկավար Արտաշես  Ներսիսյանի և օգնական Տարոն Թովմասյանի դերը:

Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, մարզիչներին, ֆեդերացիային, ծանրամարտի մարդկանց համայնքին, մարզասերներին . . .   

Այլ նորություններ