ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ

10:17 - 05 Մար, 2026

Եվրոպայի հրաձգության երևանյան առաջնությունում երեկ երեկոյան հնչեցին վերջին կրակոցները: Տանտերերի հաշվին վերջին մեդալը նվաճեց  օդամղիչ ատրճանակավարների՝  Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան եռյակը:  Մեր տղաները  երրորդ տեղի համար պայքարում 17:9 հաշվով հաղթեցին  Բուլղարիայի թիմին և դարձան բրոնզե մեդալակիր:  

Վերջնարդյունքում Հայաստանի հրաձիգները առաջնությունում նվաճեցին 13 մեդալ՝ չորս ոսկե, ութ արծաթե և մեկ բրոնզե:

Լրագրողներին հետաքրքրում էր կարծիք իմանալ Երևան ժամանած մասնակիցներից: Բազմաթիվ հյուրեր հիացմունք արտահայտեցին կազմակերպական և հյուրընկալության առումով:

Իսկապես, այդ խոշոր ստուգատեսի կազմկոմիտեն, մարզաձևի հանրապետական ֆեդերացիան հնարավոր ամեն բան արել էին միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար: Պատահական չէ, որ հյուրերը հայոց մայրաքաղաքին հրաժեշտ տվեցին կրկին վերադառնալու անկեղծ ցանկությամբ:

Հայ մարզիկների մրցելույթները գնահատեց նաև ՀՀ հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Նա մասնավորապես ընդգծեց տանտեր լինելու, տրիբունաները ծանրաբեռնած մարզասերների ներկայությունը: Սրանք լրացուցիչ լարվածություն հաղորդեցին մեր նշանառուներին: Մեծ էր պատասխանատվությունը, սպասելիքները արդարացնելու դժվարին խնդիրը լուծելու գործոնը: Եվ լավ է, որ հայաստանցի մարզիկ – մարզուհիները կարողացան գոհացնել մարզիչներին, մասնագետներին և երկրպագուներին:

Ուրախալի է  նաև այն փաստը, որ առաջնության անցկացման համար բերված գույքը մեզանում դարձավ, ինչպես ասում են՝ ժառանգություն: Արժեքավոր մարզագույքը մեծապես կնպաստի մեր մարզիկների վարպետության առաջընթացին: Իսկ այն, որ եղածը կտրամադրվի  մարզերում գործող խմբերին, կասկածից վեր է, որ կմեծանա այնքան անհրաժեշտ մասսայականությունը:

Հիշենք, որ հրաձգություն մարզաձևը ռազմավարական մեծ նշանակություն ունի:

Այլ նորություններ