
Հայաստանի մարմնամարզիկները երեք մեդալ նվաճեցին Տաշքենդում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում:
Մեր երկիրը ներկայացրած պատվիրակների քառյակը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը և մտավ եզրափակիչ:
Առավել հաջող հանդես եկավ Մամիկոն Խաչատրյանը, որը նժույգթափերում նվաճեց չեմպիոնի կոչումը:
Հաճելի անակնկալ մատուցեցին Ռոբերտ Գյուլումյանը և Արմեն Պետրոսյանը: Նրանք մրցանակների արժանացան մեզանում ասես մոռացության մատնված պտտաձողի և ազատ վարժությունների վարպետ կատարումների համար: Ռոբերտը դարձավ փոխչեմպիոն, իսկ Արմենը տեղ գտավ պատվո պատվանդանի << բրոնզե >> աստիճանին:
Դժգոհելու տեղիք չտվեց նաև Էրիկ Բաղդասարյանը: Նա եզրափակիչում չորրորդը ճանաչվեց զուգափայտի վրա և վեցերորդը ՝ հենացատկում:
Մեր մարմնամարզիկներին մրցավայր էր ուղեկցել երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արտակ Այդինյանը:
Հավելենք, որ Երևանում, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում, վաղը կմեկնարկի միջազգային երիտասարդական մրցաշար: Հայտավորված են Ղազախստանի, Ուզբեկստանի, ՌԴ –ի, Լիտվայի, Բելառուսի և տանտերերի թիմերը: