ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ

12:17 - 25 Մայ, 2026

Մայիսի 23-ին  նշվեց  ըմբշամարտի համաշխարհային օրը: Տոնը նշանավորում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը, որն անցկացվել է Վիեննայում՝ 1904թ.: Մասնակցել է ընդամենը 26 մարզիկ:

Մարզաձևը մարտարվեստի հնագույն տեսակներից է, որն առաջացել է հին ժամանակներում և  հիշատակվում է գրական աղբյուրներում: 

Հին Հունաստանում այն ընդգրկված է եղել  օլիմպիական խաղերի ծրագրում։ Միջնադարում դրանով  հրապուրվել են տարբեր զբաղմունքի  մարդիկ:  

Ժամանակակից ըմբշամարտի սկիզբը դրվել է  Ֆրանսիայում՝  1830-ական թվականներին և կոչվել է  հունահռոմեական ոճ: Այն 1896թ.  ներառվել է ժամանակակից  օլիմպիական առաջին խաղերի ծրագրում։ Չորսական տարվա տարբերությամբ  կայացել են Եվրոպայի, ապա ՝  աշխարհի անդրանիկ  առաջնությունները։ 

1912թ. ստեղծվել է  մրցումներ կազմակերպելու միջազգային կոմիտե։ 1921թ. այն ստացել է նոր անվանում՝  սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա (FILA), իսկ 2014թ –ից ՝ ըմբշամարտի միավորված աշխարհ (UWW):

Կազմակերպությունը  ամեն տարի անցկացնում է  ավելի քան  100 մրցաշար՝  աշխարհի,  մայրցամաքային առաջնություններ / տարբեր տարիքային խմբերի համար /,  միջազգային մրցաշարեր, ընկերական հանդիպումներ և այլն։ 

Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններն անցկացվում են 1928 թվականից, իսկ աշխարհինը՝ 1951 - ից։ 

Այն բանից հետո, երբ մարզաձևը օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու շեմին էր, 2013թ. միջազգային ֆեդերացիան կտրուկ միջոցներ  ձեռնարկեց.  փոխվեց ղեկավարությունը,  մրցակարգը, կազմակերպության անվանումը (FILA-ն վերանվանվել է United World Wrestling): 

ՄՕԿ-ը բարձր գնահատեց փոփոխությունները և մարզաձևը շարունակում է մնալ օլիմպիական խաղերի հիմնական ընտանիքում:

Նշենք, որ  Հայաստանը չեմպիոնների դարբնոց է, որի սկիզբը դրվել է  Մ. Թ.  281թ. կայացած 265 –րդ օլիմպիական խաղերում, որտեղ  հաղթողի պատվին է արժանացել հայոց Տրդատ երրորդ Արշակունին / նա 287թ. հռչակվել է թագավոր /: 

Մեր երկրում  ըմբշամարտը  ամենապահանջված մարզաձևերից մեկն է։ Հայ մարզիկները հաղթանակներ են տանում Եվրոպայի , աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում և միջազգային խոշոր այլ մրցաշարերում:

Շնորհավորում ենք մարզաձևի համապետական ֆեդերացիային, մարզիչներին, մարզիկներին, նվիրյալներին  և հաղթանակներ ակնկալում միջազգային պատասխանատու մրցումներում:

 

 

Այլ նորություններ