Ֆուտբոլ սիրող բրազիլացիների Օլիմպիական խաղերը

15:30 - 07 Օգո, 2016

Օլիմպիական խաղերը քիչ-քիչ ընկնում են «հունի» մեջ: Մարզիկների համար նախատեսված ավանը լեցուն առօրյա ունի, իսկ Օլիմպիական այգում անցուդարձը սկվսում է դեռևս առավոտյան 8-ին: Այս ամենի կենտրոնը և միմյանց կապող առաջին կետը լրագրողների կենտրոնն է (Media center):

Օլիմպիական այս խաղերի համար կազմակերպիչներն արևոտ Ռիոյում ստեղծել են քաղաք քաղաքի մեջ: Օլիմպիական այգու մարզական դահլիճները միմյանց կապող ամենաարագ միջոցը ավտոբուսներն են, որոնք աշխատում են ժամացույցի ճշտությամբ: Սակայն Օլիմպիական խաղերի բացթողումներից մեկն այն է, որ կամավորների գերակշռող մասը քիչ կամ առհասարակ չի  խոսում անգլերեն: Իհարկե, այդ ժամանակ օգնության է հասնում ձեռքերի և ոտքերի արվեստը. «Խոսում ես հայերեն, պատասխան ստանում պորտուգալերենով և հասնում ես ցանկալի արդյունքի»:

Աններելի կլիներ այն, եթե չկիսվեի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացումից ստացած իմ տպավորություններով: Խաղերի մեկնարկից րոպեներ առաջ մեր մարզական պատվիրակությանը հաջողվեցʼ անհավանական արագությամբ «պատվո պտույտ» տալ Մարականայի շուրջը, քանի որ կամավորները չգիտեին, թե որտեղ է լրագրողների համար նախատեսված հատուկ մուտքը: Ինչևէ, «Մարականա»-ն, որն անցյալի շունչ ունի իր մեջ, առաջին հայացքից շատ գրավիչ էրʼ հետաքրքիր լուծումներով հարուստ: Բրազիլացիները «փեշերով» փողեր չեն ծախսել Օլիմպիական խաղերի բացման համար, գուցե էկրաններից այն իսկապես գունագեղ էր, սակայն ներկաների համար հետաքրքրությունը պահ առ պահ կորչում էր: Այո, այս Խաղերի բացումը չուներ պեկինյան խաղերի բացման առատությունը կամ Լոնդոնի խաղերի բացման շքեղությունը, սակայն բրազիլացիները ներկայացրել էին այն, ինչ շատ ունեն արև, ջերմություն և օվկիանոս:

Անհնարին է, որ նմանատիպ մեծածավալ միջոցառման մեջ երբեմն բացթողումներ չլինեն: Ռիոն աշխարհի մեծագույն քաղաքներից մեկն է, իսկ Մարականան Օլիմպիական համալիրների հակառակ ծայրում է` 1 ժամից ավել ճանապարհ: Բացման արարողության ավարտից երկու ժամ անցʼ լրագրողների մի հսկա բազմություն սպասում էր տեղափոխող ավտոբուսներին, որոնք անասելի վատ էին գործում: Խաղերի բացման արարողության ավարտից միայն 3 ժամ հետո մեզ վերջապես հաջողվեց վերադառնալ մեր հյուրանոց:

Սակայն, եթե անկեղծ լինենք, ապա Ռիո մի հատվածում Օլիմպիական խաղեր են, իսկ մյուս հատվածում տեղյակ չեն, որ այս օրերին իրենց քաղաքում համախմբվել են աշխարհի ամենազորեղ մարզիկները: Օլիմպիական խաղերն անցնում են բրազիլացիների կողքով, իսկ նրանց մի մեծ հատվածի համար կարևորը այլ բաներ են, այդ թվում և ֆուտբոլը:

 

Վարվառա Հայրապետյան

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

ՀԱՕԿ լրատվության պաշտոնական կայքը պատասխանատվություն չի կրում «BLOG-օրագրում» տեղ գտած գրառումների համար:

«BLOG-օրագրի» հրապարակումները վերաթողարկման ենթակա չեն:

 

Այլ նորություններ