Հայ կարատեիստները պայքարելու են օլիմպիական վարկանիշի համար

16:53 - 22 Փետ, 2017

Կարատեի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են մեկ բրոնզե մեդալով:

14-15 տարեկանների մինչեւ 70 քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Դավիթ Մակյանը: Պատանի կարատեիստը ոգեւորված է իր նվաճած մեդալով եւ հույս ունի, որ այն վերջինը չի լինի.

«Այս հաջողության մեջ իմ ներդրումը շատ քիչ է: Այսպես ասած` գլխավոր «մեղավորը» հայրս է` անձնական մարզիչս»,- նշեց Դավիթը:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանն ընդհանուր առմամբ գոհ է թիմից: Ասում է, որ Եվրոպայի առաջնության մեդալը փոքր արդյունք չէ այս մարտարվեստի համար:

Ազգային կարատեն 2016 թվականին համալրել է օլիմպիական ընտանիքը: Եվ, հաջորդ տարի հայ մարզիկները փորձելու են 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Իսկ մինչեւ Տոկիո-2020-ը` պատանի կարատեիստները պայքարելու են 2018 թվականին Բունոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել համար:

 «Մասնակցելու ենք վարկանիշային մրցաշարերի: Քայլ առ քայլ գնում ենք դեպի օլիմպիական խաղեր»,-նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

 Մարտի 19-ին կմեկնարկի Հայաստանի առաջնությունը: Արդյունքում կձեւավորվի հավաքականը, որը մայիսին կմասնակցի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Մուրադյանը նշում է, որ տղաներին զուգահեռ մարզվում են նաեւ աղջիկները.

«Կարատեն կանացիությանը դեմ չէ: Մենք ունենք հեռանկարային աղջիկներ: Հուսանք, որ ապագայում նրանք նույնպես մեդալներ կնվաճեն»,-ասաց մարզիչը:

Ֆեդերացիան տարբեր ակցիաներ է նախատեսում մարզաձեւի մասսայականացման համար:

Այլ նորություններ