Ըմբիշ Սարգիս Քոչարյանը՝ Համաբանակային 6-րդ խաղերի բրոնզե մեդալակիր

13:18 - 09 Հոկ, 2015

Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում շարունակվում են Համաբանակային 6-րդ ամառային խաղերը: 

Հոկտեմբերի 9-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ):

80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաղթել էր մոնղոլ Բոլդբատար Օչիրին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով առավելության հասավ կորեացի Ջուն Հյունգ Կիմի նկատմամբ: Կիսաեզրափակիչ գոտեմարտում նա 1:4 հաշվով զիջել էր ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին: Բրոնզե մեդալի համար պայքարում Քոչարյանը 3:0 հաշվով հաղթեց լիտվացի Ջուլիուս Մատուզևիչիուսին:

71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան Նասիբովին:Քառորդ եզրափակչի բավականին լարված պայքարում հայ ըմբիշը 4:5 հաշվով զիջել էր իրանցի Մուհամադալի Գերայեին, վերջինս հասել էր եզրափակիչ, ինչը թույլ էր տվել Ալեքսանյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 4:2 հաշվով առավելության էր հասել հնդիկ Յարդավի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը տուշեով (4:10) պարտվեց Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Էլդսուկիին:

59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը  մեկնարկային գոտեմարտում պարտվել էր ռուս ըմբիշին և դուրս մնացել պայքարից:

Համաշխարհային բանակային խաղերն անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Այս տարի խաղերին մասնակցում են 110 երկրի 8700 մարզիկ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Համաբանակային խաղերին: Մեր հավաքականը Կորեա է մեկնել 15 մարզիկով, ովքեր իրենց ուժերն են չափում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում և հեծանվասպորտում:

 

Այլ նորություններ