Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ողջունում է կանոնների նոր փոփոխությունները: Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) Փարիզում կայացած բյուրոյի նիստում մի շարք որոշումներ են կայացվել, այդ թվում՝ հունահռոմեական ըմբշամարտում պարտեր դրության վերականգնումը.
«Նորից լինելու են այն կանոնները, որոնք գործել են 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո՝ մինչեւ 2016 թ.: Չնչին դրական փոփոխություններ կան, կարեւորը՝ պարտեր դիրքի վերադարձն է: Նույնիսկ լավագույն կերակուրը համը կորցնում է առանց աղ ու պղպեղի: Նույն կերպ հունահռոմեական ըմբշամարտում պարտերն ամենակարեւոր համեմունքն է:
Կանգնած դրությունից բոլորը սովորել են սումոյի տարբերակը: Բայց, պարտերի համար լուրջ մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ: Դրան ոչ բոլորն են տիրապետում: Պարտերով միշտ առանձնացել են այն երկրների թիմերը, որտեղ ըմբշամարտը լավ հիմքի վրա է դրված: Պարտերն իր հնարքներով հետաքիքիր է դարձնում գոտեմարտը: Հաճելի է դիտել նման ըմբշամարտ:
2018 թվականից մրցումներն անցկացվելու են երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով: Սակայն, 2019 թ. այս օրենքը հանելու են:
Առաջիկա ամիսների ընթացքում կստանանք հաստատված կանոնների վերջնական փաթեթը»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Կանոնների նոր փոփոխությունները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. հունվարի 1-ից: