Հակոբ Սերոբյան. Մեր մարմնամարզիկները լավագույն կատարումներով հանդես եկան աշխարհի առաջնությունում

16:32 - 11 Հոկ, 2017

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկների արդյունքներից: Մարզչի կարծիքով՝ ե´ւ Արթուր Դավթյանը, ե´ւ Հարություն Մերդինյանը լավագույն կերպով են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը.

«Երկուսն էլ եզրափակչում ավելի լավ մասնակցեցին: Իմ սպասելիքներն արդարացան: Արթուրը մոտ մեկ միավոր ավելի վաստակեց եւ երկու հորիզոնականով բարելավեց իր տեղը որակավորման փուլի հետ համեմատած:

Դավթյանի վարժությունները պետք է բարդացնենք, սակայն, նոր տարրեր սովորեցնելու համար դեռեւս պայմաններ չունենք: Ափսոսում եմ, որ հենացատկերում երկրորդ ցատկով զիջում է: Արթուրին օգնում են իր մաքուր կատարումները: Նա մեծ պոտենցիալ ունի, դա աշխարհում բոլորն են տեսնում:

Այս առաջնությունում Հարություն Մերդինյանն ինձ շատ ուրախացրեց ինձ: Շատ գոհ եմ, որ նա իր բարձր վարպետության շնորհիվ որակավորման փուլում խուսափեց կոպիտ սխալից, իսկ եզրափակչում արեց իր լավագույն կատարումը: Եզրափակչում Հարությունի վարժությունը չբարդացրինք, զգացինք, որ դրա կարիքը չկա»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել էր 13-րդը հորիզոնականը, իսկ Հարություն Մերդինյանը՝ 5-րդը նժույգթափերում:

Այլ նորություններ