Արա Պողոսյան. Այս քայլերով բասկետբոլը մասսայականությամբ կգերազանցի ֆուտբոլին

10:45 - 15 Փետ, 2018

Մեկ տուրից կավարտվի բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության երկրորդ շրջանը, որից հետո կմեկնարկեն փլեյ-օֆֆի խաղերը: Թիմերն արդեն մրցել են 13 տուր, արդյունքում «Ուրարտուն» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկար դադարից հետո Հայաստանում անցկացվում է մեծահասակների կանոնավոր առաջնություն: Ա լիգայից ակնկալիքները մեծ են թե´ մասնագետների եւ թե´ երկրպագուների մոտ: Սա նոր հույս է մեր երկրում բասկետբոլային մշակույթի ձեւավորման համար:

Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց Ա լիգայի ընթացքի եւ կարեւորության մասին.

«Մենք փորձել էինք ՎՏԲ լիգայի համար թիմ կազմավորել: Հարցը գրեթե լուծված էր, ինչ-որ կերպ բյուջեն ապահովել էինք, խաղացողներ ունեինք: Բայց ՎՏԲ լիգան մեր առաջարկը չընդունեց եւ նոր թիմեր չավելացրեց: Արդյունքում առաջացավ Ա լիգան ստեղծելու գաղափարը:

Արդեն մի քանի ամիս Ա լիգան ընթացքի մեջ է: Ակնկալիքները հիմնականում արդարացան: Մենք ամեն ինչ արեցինք, որ բասկետբոլի շուրջ գործընթացներն ակտիվանան: Եվրոպայում քիչ թվով առաջնություններ կան, որտեղ բոլոր խաղերն օնլայն հեռարձակվում են, ինչպես Հայաստանում: Շատ թիմեր կարողացան հավասարազոր կազմեր ներկայացնել, հանդիպումներից շատերն ավարտվում են միավորների չնչին տարբերությամբ: Կարող եմ ասել, որ առաջնության նկատմամբ հետաքրքրությունը սպասվածից շատ ավելի մեծ է:

Ակնկալում էինք, որ «Արցախը» ավելի լավ պետք է հանդես գար: «Արթիկը» բավականին լավ առաջ է շարժվում, երկրորդ շրջանում  նրանք պարտվել են միայն «Ուրարտուին»: «Շիրակից» ավելի մեծ սպասելիքներ ունեինք, սակայն գյումրեցիներն առայժմ լավ արդյունքներով աչքի չեն ընկնում»,- ասաց Արա Պողոսյանը:

Ֆեդերացիայի փոխնախագահը նշեց, փլեյ-օֆֆից առաջ թիմերը երեք նոր խաղացող հայտավորելու իրավունք ունեն: Ըստ նրա տեղեկությունների՝ թիմերից մի քանիսն արդեն կազմն ուժեղացնելու քայլեր են ձեռնարկել.

«Ա լիգան լեգեոներների սահմանափակում առայժմ չունի: Կիսաեզրափակչից առաջ թիմերը կարող են իրենց կազմերում բասկետբոլիստներ ընդգրկել ՝ պայքարը լքածների շարքից: Սա հնարավորություն կտա, որ դուրս մնացած ուժեղ բասկետբոլիստները շարունակեն խաղալ: Շատ հետաքրքիր դիմակայություններ են սպասվում»,- ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:

Ա լիգայի հաջորդ մրցաշրջանին ցանկանում է մասնակցել շուրջ 17 թիմ: Արա Պողոսյանը հայտնեց, որ բոլորին չեն ընդունի: Թիմերը պետք է համապատասխանեն Ա լիգայի չափանիշներին.

«Գուցե երկրորդ լիգա ստեղծենք մյուս թիմերի համար: Զարգացումը պետք է լինի ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Մեր հանդիպումները մարզերում անցել են լեցուն դահլիճներով: Նախատեսվում է, որ Դիլիջանը, Վանաձորը նաեւ Կապանը թիմեր կներկայացնեն»:

Արա Պողոսյանի խոսքով՝ Ա լիգայի թիմերը եվրագավաթներում առայժմ մրցունակ չեն, դրա համար տարիների աշխատանք է հարկավոր.

«Այս կազմերով մենք ի վիճակի չենք մրցել միջազգային հարթակներում: Մենք կարող ենք թիմ ստեղծել, որը մրցունակ կլինի եվրագավաթներում, բայց այդ թիմն Ա լիգայում անելիք չի ունենա:

Վրաստանից «Ուրարտուին» հրավիրում էին մասնակցելու իրենց առաջնությանը: Քննարկվեց եւ որոշում կայացվեց, որ այդ դեպքում պետք է բավականին ուժեղացնել «Ուրարտուի» կազմը, բայց այդպես էլ կսպանեինք մեր առաջնությունը:

Բանակցություններ ենք վարում վրացիների հետ, ցանկանում ենք տարիների ընթացքում միասնական առաջնություն անցկացնել, որը մեծապես կնպաստի մեր երկրում մարզաձեւի զարգացմանը: Մեր նպատակն է Ա լիգան հասցնել այն մակարդակի, որ թիմերը մրցունակ լինեն եվրագավաթներում: Բայց դա տարիների աշխատանք է պահանջում:

Մրցավարներն ու մարզիչները շարունակում են մասնակցել սեմինարների՝ մասնագիտական որակները բարձրացնելու համար: Մեր ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը Հայաստանում միակ միջազգային կարգի մրցավարն է: Նա հաճախ զրուցում է մրցավարների հետ, մատնացույց անում սխալները եւ այլն: Մենք զարգացնում ենք նաեւ ակումբային մարզիչներին, նրանք նույնպես զարգանալու տեղ ունեն»,- ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:

Արա Պողոսյանի կարծիքով Հայաստանում թիմային մարզաձեւերի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, եւ բասկետբոլը մեծ ներուժ ունի, որը դեռ ամբողջությամբ չի օգտագործվել.

«Տարեցտարի բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում մեծանում է, եւ դա փաստ է: Նախորդ տարվա նոյեմբերին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ընկերական խաղերին Երեւանում 500-600  հանդիսական էր գնում, իսկ բասկետբոլի հավաքականի նույն ժամանակահատվածում կայացած մրցավեճին 1500-ից ավելի մարզասեր կար: Եթե 4-5 տարի առաջ նման բան ասեին, ես չէի հավատա: Այսպիսի քայլերով բասկետբոլը մասսայականությամբ կգերազանցի ֆուտբոլին: Մեր ժողովուրդը թիմային մարզաձեւերի հանդեպ յուրահատուկ սեր ունի եւ ցանկանում է սեփական հարկի տակ դառնալ մեծ սպորտի մի մասնիկը», - ասաց Արա Պողոսյանը:

Այլ նորություններ