Տաթեւ Հակոբյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգում չորրորդ տեղը գրավելուց հետո մեկնաբանեց իր ելույթը:
«Սպասում էի ավելին, քանի որ պատրաստ էի բարձրացնել ավելի բարձր կիլոգրամներ: Ինչ-որ բան խանգարեց: Կարելի է ասել, որ առաջին անհաջող մոտեցումից հետո կոտրվեցի: Ամեն բան փչացրեց հրում վարժության երկրորդ մոտեցումը, որը չհաշվեցին: Լարվածություն չկար: Հուսով եմ, որ ապագայում կկանգնեմ պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին»,- նշեց Տաթեւ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը ցուցադրեց 230 կգ (105+125) արդյունք: Պոկում վարժության համար Տաթեւ Հակոբյանը պատվիրել էր ամենաբարձր քաշը, բայց միայն երրորդ փորձից բարձրացրեց 105 կգ-ն եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը եւ գրանցեց չորրորդ արդյունքը:
Այս քաշային կարգում հանդես եկան 8 մարզուհիներ: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուս Կսենիա Պաշխինան, որի երկամարտի արդյունքն էր 242 կգ (110+132): Ապրիլի 12-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 17-ամյա Լիաննա Գյուրջյանը (81 կգ), որը երկամարտում գրավել էր չորրորդ տեղը եւ արծաթե մեդալ նվաճել հրում վարժությունում: