ՄՕԿ-ն ընտրել է ձմեռային Օլիմպիական խաղերը համակարգող հանձնաժողովը

17:02 - 22 Նոյ, 2019

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է հանձնաժողովը, որը կզբաղվի 2026 թվականին Իտալիայի Միլան եւ Կորտինա դ՝Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի համակարգման աշխատանքներով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել նախկին աթլետ, 2 Օլիմպիական խաղերի մասնակից, ՄՕԿ-ի անդամ, ֆինն Սարի Էսայնը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև Ռիչարդ Կարիոնը (Պուերտո-Ռիկո), Տրիշա Սմիթը (Կանադա), Իրժի Կեյվալը (Չեխիա), Դայնա Գուդզինևիչյուտեն (Լիտվա) և Կին Հին Լին (Հարավային Կորեա):

«Համակարգող հանձնաժողովն ունի բավականաչափ իրավասություն, որպեսզի Կազմկոմիտեին օգնի բացահայտել իտալական հայտի ամբողջ ներուժը: Նրանց միասնական աշխատանքը երկրպագուներին ու մարզիկներին կօգնի ունենալ անմոռանալի հույզեր, իսկ Խաղերը հյուրընկալող երկրին՝ հրաշալի օլիմպիական ժառանգություն»,- ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:

Հիշեցնենք, որ 2026թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը։ Իտալիան նախորդ անգամ ձմեռային Օլիմպիական խաղեր ընդունել է 2006-ին Թուրինում։

Այլ նորություններ