ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

10:17 - 09 Հոկ, 2021

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող  աշխարհի առաջնությունում  իր հերթական հաղթանակը տոնեց հունահռոմեական ոճի ըմբիշ, երևանցի Մալխաս Ամոյանը / 72 կգ /: Նա հաջողությունների է հասել պատանեկան, երիտասարդական և մեծահասակների միջազգային պաշտոնական բազում մրցաշարերում:  Բայց ուրիշ է այս  ստուգատեսում նրա նվաճած չեմպիոնական ոսկե մեդալը: Այդ պարգևի գինը չափազանց թանկ է, մանավանդ , որ նա երկրորդ անգամ պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին:  Նրա հետ առաջին մրցավեճը տեղի է  ունեցել հինգ ամիս առաջ ՝ մայիսին անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում, որտեղ Մալխասը կիսաեզրափակիչում հաղթել է համոզիչ՝ 4 : 1 հաշվով:

Ամոյան կրտսերը Օսլոյում  հաջորդաբար գետնեց  նորվեգացի Հաավարդ Յորգենսենին / 8:0 /, լիտվացի Կրիստուպաս Շլեյվային /  5։0/ , իրանցի  Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինին / 10 : 6 / և մտավ եզրափակիչ:

Սպասվում էր, որ վճռական գոտեմարտը կանցնի չափազանց սուր, լարված պայքարում: Այդպես էլ եղավ. ռուս վարպետը տրամադրված էր միայն հաղթանակ տանել, տիրանալ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալին ու դրանով վրեժխնդիր լինել: Իհարկե նրա մտքով անգամ չէր անցնում, որ  գոտեմարտը դարձյալ տանուլ կտա / 1 : 3/  և չեմպիոնական մեդալն ու գոտին Մալխաս Ամոյանին կհանձնի հենց ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Միխայիլ Մամիաշվիլին:

Ուզում ենք հավատալ , որ եզրափակիչում տակտիկական ճկունություն դրսևորած դինամոյական չեմպիոնը չի հանգստանա ձեռք բերածով և կշարունակի հղկել իր ընդհանուր վարպետությունը: Նա միաժամանակ չի մոռանա, որ  Կուտուզովը չի մարսելու կրկնակի պարտությունը, մասնագետների գլխավորությամբ մանրամասն կուսումնասիրի Մալխասի թույլ տված նույնիսկ աննշան սխալները, որպեսզի հաջորդ ստուգատեսներում հաղթի երևանցուն:

Իհարկե Մալխասն իր հերթին, մարզիչների ղեկավարությամբ, կձգտի զարգացնել հաջողությունները:

Շնորհավորում ենք  աշխարհի նորընծա մեր չեմպիոնին,  մարզաձևի հանրապետական ֆեդերացիային,  հավաքականի մարզիչներին և, իհարկե,  Մալխասի մարտավկա հորեղբորը՝ մրցագորգի մեծանուն վարպետ, հայ մարզասերների համար չափազանց սիրելի Ռոման Ամոյանին:

 

 

 

Այլ նորություններ