Բուլղարիայի առողջարանային Վառնա քաղաքում վաղը կմեկնարկի FIG World Challenge Cup անվանումով սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարը: Կմասնակցեն աշխարհի ուժեղագույն մարմնամարզիկները: Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվող հեղինակավոր այդ մրցումները տեղի կունենան քաղաքի մշակույթի և սպորտի պալատում: Մրցանակների համար պայքարին կմասնակցեն 22 երկրների 100 - ից ավելի մարզիկ – մարզուհիներ:
Մրցաշրջանի չափազանց դիտարժան ստուգատեսներին հաջորդող Վառնայի մրցությունը նույնպես խոստանում է թեժ լինել, որտեղ հանդես կգան նաև Հայաստանի երկու պատվիրակներ:
Մեդալների համար պայքարին տոն կտա մարզաձևի մերօրյա առաջատար, երևանցի, Արթուր Դավթյանը, ով հաջողությամբ շարունակում է ապացուցել իր տոկունությունը: Նրա հետ թիմում ընդգրկված է նաև Արթուր Ավետիսյանը: Մեր ներկայացուցիչներին հարթակ կուղեկցի մարզիչ Հայկ Նազարյանը, իսկ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դարձյալ ընդգրկված է մրցավարական հանձնախմբում:
Լավագույն արդյունքներ ցույց տված մարմնամարզիկները կստանան World Challenge Cup –ի վարկանիշային միավորներ՝ յուրաքանչյուր մրցաձևի համար: Ամենաշատ միավորներ վաստակած մարզիկները Փարիզում կայանալիք գավաթի վերջին մրցումներից հետո կդառնան շարքի հաղթող։
Մրցաշարը կավարտվի մայիսի 28- ին: