ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ

11:17 - 14 Փետ, 2024

Ինչպես արդեն հայտնի է Բուլղարիայում մեկնարկել է ծանրամարտի, իսկ Ռումինիայում ՝ ընբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Երեկ ՝ փետրվարի 13 –ին, որոշվեցին առաջին մրցանակակիրները:

Երեկոն չեմպիոնական էր Հայաստանի պատվիրակների համար: Փաստորեն մրցումների սկիզբը ոսկե մեդալներ պարգևեց մեր ներկայացուցիչներին:

Ներկայացնելու նախապատվությունը տանք գեղեցիկ սեռի ներկայացուցչին:

                                                ՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է

Երբ կանանց ծանրամարտի մրցաշարում էկրանին երևաց գյումրեցի մարզուհին, ակամա մտածեցինք թե այս դալուկ գեղեցկուհին ինչ պիտի անի ծանրահարթակի վրա:

Պոկում վարժությունը կարծես վկայեց մեր ենթադրությունը, քանզի նա իր կամքին ենթարկեց 81 կգ կշռող գործիքը և գրավեց ընդամենը յոթերորդ տեղը: Հասկանալի է՝   մեր մտքով չանցավ, որ նա կանի անկարելին:

Հրում վարժությունը մոտենում էր ավարտին ու հեռուսատադիտողներիս նյարդերը աստիճանաբար  պրկվում էին: Ի վերջո մնացին 55 կգ քաշային հայուհի Ալեքսանդրան և իտալուհի Սելին Լուդովիկա Դելիան: Երբ վերջինը անկոտորւմ կամք դրսևորելով կարողացավ սանձել 111 կգ ծանրությունը, սկսեց ուրախությունից ցատկոտել բեմահարթակում , ենթադրելով, որ ինքն արդեն հին աշխարհամասի չեմպիոնուհի է: Նա ինչ իմանար, որ ուրիշ է իրեն հետապնդող հայ մարզուհու կերպարը:

Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի մտքերը կարդալով Ալեքսանդրան ծանրաձողի քաշն ավելացրեց միանգամից չորս կիոգրամով ու 115 կիլոգրամանոց ծանրաձողը զարմանալի վստահությամբ բարձրացրեց, պահեց գլխավերևում ու իր լուռ պահվածքով, հանդարտությամբ,  մարզասերին համոզեց, որ չեմպիոնուհու ոսկե մեդալը կուղևորվի Հայաստան / 196 կգ ՝ 81 կգ + 115 կգ /:

Կեցցես, Հայաստանի գյումրեցի դուստր Ալեքսանդրա Գրիգորյան: Շնորհավորում ենք:

Այլ նորություններ