Եզրագծի մատույցներում է գտնվում Փարիզի ամառային օլիմպիական 33 –րդ խաղերը:
Մրցումների ընթացքին համընթաց, օրավուր ավելանում է մեդալակիր ունեցող երկրների թիվը: Օգոստոսի 6 –ի մրցավարտից հետո այն հավասար էր 76 –ի: Այդ թիվը, երեկվա տվյալներով, չորսով աճել, հավասարվել է 80 –ի:
Մեր պատվիրակության օգտին երեկ ավելացած մեկական արծաթե և բրոնզե մեդալների շնորհիվ, մրցաշարային աղյուսակում Հայաստանը 58 - ից բարձրացավ 55 - րդ տեղը:
Առաջին հնգյակում են հաջորդաբար ԱՄՆ –ի ՝ 94 / 27+ 35 + 32 /, Չինաստանի ՝ 65 / 25 + 23 + 17 /, Ավստրալիայի ՝ 41 / 18 + 12 + 11 /, Ֆրանսիայի ՝ 51 / 13 + 17 + 21 / և Մեծ Բրիտանիայի ՝ 49 / 12 + 17 + 20 /:
Այսօր ՝ օգոստոսի 8-ին, Հայաստանը խաղերում կունենա երկու մասնակից: Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ): Նա մրցագորգ կելնի Երևանի ժամանակով 20:15-ին:
Այսօր պայքարը սկսում են ազատ ոճայինները: Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, մինչև 23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանի (57 կգ) մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:30-ին: