Մայրաքաղաքի Երևանյան լճում անցկացվեց բայդարկա և կանոէ թիավարության Հայաստանի առաջնությունը:
Տանտերերից բացի, ջրուղիներում մրցեցին Սևանի, Հրազդանի և Էջմիածնի 72 մարզիկ – մարզուհիներ:
Ստուգատեսի մասին ՀՀ թիավարության ֆեդերացիայի նախագահ, սպորտի վարպետ Տիգրան Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լավ պատրաստականությամբ առանձնացան սևանցիները: Նրանք, ինչպես միշտ, աչքի ընկան կանոէ մրցաձևում, ավելին, մրցանակներ շահեցին նաև բայդարկայում:
Նշած փաստերը ուրախացնող են: Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ սևանցիների առավելությունը նաև պիտի սթափեցնի իր բոլոր գործընկերներին, և հատակապես երևանցի մասնագետներին: Հիշենք, որ երևանյան լճում վարպետության դասեր են ստացել ու աճել, առնականացել բազմաթիվ վարպետներ: Պետք է հավատարիմ մնալ ավանդույթներին ու միլիոնանոց մեր մայրաքաղաքի՝ թիավարել ցանկացող շնորհալի պատանիներին չպիտի հուսախաբ անել:
Առաջնության արդյունքներով կազմվել է հավաքական, որը կմասնակցի Իտալիայի Միլանում օգոստոսի 20 – 24 –ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Թիմը մրցավայր կուղեկցի սևանցի մարզիչ Ավետիք Մալխասյանը:
Մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն կանոէի ՝ Վահե Դավթյան- Գևորգ Փիլոսյան երկյակը և բայդարկայի ՝ Էդգար Թության- Արթուր Ակիշին- Կարեն Սուլթանյան – Տիգրան Խաչատրյան քառյակը:
Տեղեկացնենք, որ առաջիկա շաբաթ օրը ՝ հուլիսի 19 –ին, ՀՀ առաջնության ծրագրով Երևանյան լճում կմրցեն ակադեմիական թիավարները, իսկ օգոստոսի երկուսին Սևանում հանդես կգան երիտասարդականի մասնակիցները: