
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը իր դռները հյուրընկալորեն բացել է ՀՀ սուսերամարտի հավաքականի առջև:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի / նախագահ ՝ Արմեն Գրիգորյան / նախաձեռնությամբ մարտուղյակի շուրջ 25 ներկայացուցիչներ ուսումնամարզական հավաքի են մասնակցում: նախապատրաստական աշխատանքները կավարտվեն հուլիսի 16 –ին: Այնուհետև մեր սուսերակիրները կուղևորվեն Գերմանիայի Մյունխեն և կմասնակցեն հուլիսի 17 –ին մեկնարկելիք միջազգային մրցաշարին:
Նշենք, որ երևանյան մարզումներում ներգրավված են նաև ԱՄՆ –ի հինգ և Վրաստանի ութ մարզիկ – մարզուհիներ: Պարապմունքները ղեկավարում են ճկասուսեր և խոցասուսեր զենքաձևերի հավաքականների գլխավոր մարզիչներ Գագիկ Հովհաննիսյանը և Արմեն Նավասարդյանը: Նրանք զրույցի ժամանակ ասացին, որ հիմնական ուշադրությունը դարձում են ընդհանուր ֆիզպատրաստականության, տեխնիկատակտիկական ու բարոյակամային որակները բարելավելու վրա: Ի դեպ, մինչ հավաքի ավարտը, մարզընկերներին հշաժեշտ կտա և Հոնկոնգ կմեկնի մեր առաջատար ճկասուսերակրուհի Դարյա Մալիշևան: Նա աշխարհի առաջատար մարզիկների հետ կարճատև հավաքի մասնակցելուց հետո մեր երկիրը կներկայացնի հուլիսի 14 –ին այնտեղ մեկնարկելիք աշխարհի առաջնությունում: