Արթուր Հարությունյան. Մեր լեռնադահուկորդները հնարավորություն ունեն օլիմպիական վարկանիշ ձեռք բերել սեփական հարկի տակ

18:25 - 25 Փետ, 2017

Օրեր առաջ հայ լեռնադահուկորդներ Աշոտ Կարապետյանը եւ Վազգեն Առաքելյանը Շվեյցարիայում մասնակցեցին աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Հայ մարզիկներին եզրափակիչ անցնել չհաջողվեց: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը նշում է, որ լեռնադահուկային սպորտում այժմ սերնդափոխություն է կատարվում:  Պատանիները նոր սկսում են միջազգային ասպարեզ դուրս գալ.

«Աշխարհի առաջնությունում 137  մասնակցի մեջ մեր տղաները գրավեցին 51-րդ եւ 57-րդ հորիզոնականները: Նրանք նոր սկսում են իրենց միջազգային կարիերան: Մեծերն աստիճանաբար իրենց տեղը զիջում են: Մեր մյուս պատանին` Հարություն Հարությունյանն այդ ընթացքում մասնակցում էր Էրզրումի փառատոնին: Այս ցուցանիշը, իհարկե, մեզ չի բավարարում: Մենք լավ արդյունքներ գրանցել ենք: Հուսանք, որ օլիմպիական խաղերին կունենանք մասնակիցներ»,-նշեց Արթուր Հարությունյանը:

Փետրվարի 27-ին Ծաղկաձորում կմեկնարկի լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար,  որն օլիմպիական վարկանիշային է: Միաժամանակ կընթանա նաեւ Հայաստանի բաց առաջնությունը.

«Մեր լեռնադահուկորդների համար սա լավ հնարավորություն է` սեփական հարկի  տակ օլիմպիական միավորներ վաստակելու համար: Հրավիրել ենք աշխարհի գրեթե բոլոր պետություններին: Հիմնականում մեր հարեւան երկրներն են մասնակցում: Հնարավոր է` մարզիկներ ժամանեն նաեւ Ավստրիայից եւ Ֆրանսիայից:

Հայաստանի առաջնությունից հետո մեր լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա: Այնտեղ կմարզվեն եւ կմասնակցեն վարկանիշային մրցաշարերի: Եթե կարողանան միավորներ հավաքել` իրավունք կստանան մասնակցել նաեւ աշխարհի գավաթի խաղարկությանը: Դահուկավազորդները մի փոքր ավելի ուշ կսկսեն իրենց մարզումները, քանի որ այժմ մասնակցում են աշխարհի առաջնությանը:

Լեռնադահուկային սպորտում շեշտը դրված է Հարություն Հարությունյանի,  Աշոտ Կարապետյանի եւ Վազգեն Առաքելյանի վրա: Սակայն չենք անտեսում նաեւ մեր ավագ մարզիկներին:

Դահուկավազքում նույնպես հիմնական շեշտը տղաների վրա է դրված: Կանանցից տեսնենք, թե Կատյա Գալստյանն ինչ արդյունք կունենա աշխարհի առաջնությունում: Դահուկավազքում մի փոքր ֆինանսական խնդիրներ կան,  բայց գոնե մեկ-երկու մարզիկ կմասնակցի միջազգային մրցաշարերին»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:

Արթուր Հարությունյանը հայտնեց նաեւ, որ դահուկային սպորտի ֆեդերացիաում մի քանի նոր մարզաձեւեր են ընդգրկվել`  սնոուբորդ, ֆրիսթայլ եւ արագընթաց վայրէջք: Նպատակը` Հայաստանում ձմեռային մարզաձեւերի մասսայականացումն է.

«Ցանկանում ենք զարգացնել նաեւ օլիմպիական այս մարզաձեւերը: Կապի մեջ ենք արտասահմանում մեր մի քանի հայրենակիցների հետ: Եթե նրանք ցանկանան ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո` սիրով կհամագործակցենք:  Հայաստանում կան սնոուբորդով զբաղվողներ, բայց դեռ փոքր տարիքի են»,-եզրափակեց Արթուր Հարությունյանը:

Այլ նորություններ