Այսօր, փետրվարի 4 –ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի կունենա ձմեռային 24 –րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես 2008 –ի ամառայինում էր, այդ իրադարձությունը կկայանա Ազգային մարզադաշտում, որը հաճախ անվանում են << Թռչնաբույն >>:
Ավանդույթի համաձայն, կազմակերպիչները միջոցառման սցենարի մանրամասները խիստ գաղտնի են պահել: Հատկապես չինացիները հատուկ ուշադրություն են դարձրել այս հանգամանքին: Սակայն կասկած չկա, որ նրանք շուտով իրենց շոուով կզարմացնեն աշխարհին:
Անգամ նախորդ շաբաթ տեղի ունեցած փորձը չի բացահայտել գաղտնիքները. հանդիսատեսը պետք է ուղիղ եթերում տեսնի ու հիանա։
Հայտնի է, որ արարողության ռեժիսորը, ինչպես և 14 տարի առաջ՝ Պեկինի ամառային խաղեում, չինացի հանրահայտ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Չժան Իմոուն է։ Նա երեք անգամ առաջադրվել է Օսկարի մրցանակի։
Իմոուի ֆիլմերից երկուսը արժանացել են լավագույն օպերատորական աշխատանքի համար Օսկարի բաղձալի արձանիկին:
Շոուն հայտնի պատճառներով / համավարակ / կլինի ոչ մասշտաբային, բայց՝ դիտարժան: Վառ հանդիսությունը կուղեկցվի երգերով, երաժշտությամբ, պարով, Չինաստանի պատմության, ավանդույթների, մշակույթի և ազգային կոլորիտի ինքնատիպ ներկայացմամբ։
Սկզբում նախատեսված էր ներգրավել 10 հազարից ավելի դերասան, սակայն նրանց թիվը կրճատվել է և կլինի ընդամենը երեք հազար։
Մարդկանց քիչ քանակը կփոխհատուցվի հատուկ էֆեկտներով։ Կազմակերպիչները խոստացել են ոչ սովորական ձևով վառել օլիմպիական ջահը: Նրանց համոզմամբ դա կլինի ամենաօրիգինալ ճանապարհը՝ վերջին 100 տարվա ընթացքում։
Կազմկոմիտեն չի հրաժարվել պատվիրակությունների ավանդական շքերթից. Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես, յուրաքանչյուր երկրից կլինեն երկու դրոշակակիր / կին և տղամարդ / ՝ գենդերային հավասարությունը պահպանելու համար։ Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունը ՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդուհի Թինա Կարապետյանին և դահուկավազորդ Միքայել Միքայելյանին:
Օլիմպիական առաջին մրցումները սկսվել են խաղերի պաշտոնական բացումից երկու օր առաջ՝ փետրվարի 2-ին:
Ընդհանուր առմամբ, տարվա գլխավոր մարզահանդեսին կմասնակցեն աշխարհի 95 երկրների ավելի քան 4 հազար մարզիկ- մարզուհիներ: 15 մարզաձևերում կխաղարկվի մեդալների 109 հավաքածու:
Պեկինը պատմության մեջ առաջին քաղաքն է , որն ընդունել է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղեր։
Նկարներում. - ՀՀ օլիմպիական պատվիրակության դրոշակակիրներ, գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:
Լուսանկարները ՝ Ասատուր Եսայանցի: