ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԶԱԼՈՒՄ

11:27 - 13 Մար, 2025

Եվրոպայի  Ֆուտզալի 2026թ.  որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Ղազախստանի ընտրանուն:

Տանտերերից Նիկիտա Խրոմիխը առաջին խաղակեսում դարձավ երկու գոլի հեղինակ: Ընդմիջման գնալուց քիչ առաջ հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:

Երկրորդ խաղակեսում երևանցիներից Խրոմիխը  երրորդ անգամ աչքի ընկավ դիպուկությամբ և դարձավ հեթ – տրիկի հեղինակ: Նրա թիմակից Ալբերտ Աղաջանովը իր հաշվին երկու գոլ գրանցեց. Մի դեպքում գրավեց մրցակցի, մյուսում ՝  սեփական դարպասը:

Արդյունքում  գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի ղեկավարած Հայաստանի հավաքականը հաղթեց 4 : 2 հաշվով, մրցաշարային աղյուսակում  16 միավորով գրավեց առաջին տեղը և  նվաճեց Հին աշխարհամասի  առաջնության հիմնական փուլին մասնակցելու  ուղեգիր: Նման պատվի արժանացան խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները և  մրցաշարը  հյուրընկալող Լատվիայի ու  Լիտվայի ֆուտզալիստները:  Մնացած չորս տեղերի համար կպայքարեն  խմբերում երկրորդը ճանաչված հավաքականները։

Այլ նորություններ