ՄԱՐԶԱՁԵՎԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

11:27 - 19 Մար, 2025

Մականախաղը Հայաստանում  բարի ավանդույթներ ունի: Մեր երկրի բազմաթիվ թիմեր տարիներ շարունակ  հանդես են եկել համամիութենական առաջին և բարձրագույն խմբերի առաջնություններում: Մեծ ճանաչում ուներ հատկապես Հրազդան քաղաքի << Հրազդան >.  թիմը, որը եղել է ԽՍՀՄ գավաթակիր և առաջնության բրոնզե մեդալակիր:

Մեզանում բոլոր ժամանակների լավագույն մականորդը  երևանցի Սոս Հայրապետյանն է: Նա երկար տարիներ եղել է ԽՍՀՄ հավաքականի ավագը, աշխարհի խորհրդանշական հավաքականի անդամ, Սվերդլովսկի ԲՄԱ և Ալմաթիի << Դինամո >> թիմերի կազմերում դարձել ԽՍՀՄ բազմակի չեմպիոն և գավաթակիր: Հաջողության է հասել  նաև Եվրոպայի ակումբային թիմերի ստուգատեսներում, իսկ Մոսկվայում 1980թ. կայացած ամառային օլիմպիական խաղերում նվաճել  է բրոնզե մեդալ:

ԽՍՀՄ փլուզումից հետո մարզաձևը մեզանում անուշադրության մատնվեց: Տեղատվությունը մի քանի տասնամյակ տևեց, բայց սակավաթիվ նվիրյալների շնորհիվ այն գոյատևեց:

Մականախաղի հայկական դպրոցի վիճակը սկսեց  փոխվել, երբ համապետական ֆեդերացիայի նախագահ ընտրվեց նախկին մականորդ, արցախյան առաջին ազատամարտի մասնակից Խաչատուր Գիլոյանը: Զրուցեցինք նրա հետ: Մասնավորապես ասաց, որ ընթացիկ մրցաշրջանի սկզբից ևեթ թիմերը և հավաքականները մարզվում են տեղերում:

Տղամարդկանց ազգային հավաքականը համալրված է մայրաքաղաքի Շենգավիթ թաղապետարանի և ԿԳՄՍ –ի Հրազդան քաղաքի մարզադպրոցների սաներով:

Գլխավոր մարզիչ, հրազդանցի Սամվել Գևորգյանի ղեկավարությամբ հավաքականը տարեսկզբին ուշադրությունը սևեռեց խաղացողների ընդհանուր ֆիզիպատրաստականության բարելավման վրա: Ապրիլից հաջորդաբար կանցկացվեն տարիքային տարբեր խմբերի թիմերի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունները:

Երկրի գլխավոր թիմը հունիսին ուսումնամարզական հավաք կանցկացնի Հոլանդիայում: Կհաջորդի Վրաստանում օգոստոսին նախատեսված   միջազգային մրցաշարը: Դա կնպաստի խաղացողների մրցափորձի հարստացմանը և խաղակցվածության ապահովման գործին: Նպատակ կա լավ խաղ ցուցադրել նույն ամսին Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

Տեսադաշտում է նաև կանանց մականախաղը:Արդեն կա ութ թիմ:

Ընդհանրապես երկրում  խմբեր են գործում Երևանում, Հրազդանում, Գյումրիում,Չարենցավանում և Նոյեմբերյանում:

Ֆեդերացիան նպատակ  ունի  բարելավել  մեզանում մարզաձևի դարբնոց եղած Հրազդան քաղաքի մականախաղի ստադիոնը և թիվ 5 հանրակրթական դպրոցի հարակից տարածքում  կառուցել 44 – օրյա պատերազմում զոհված աննկուն բժիշկ, նախկին մականորդ Ազատ Զաքարյանի անվան մարզադաշտ:

Կարծում ենք առաջընթաց կգրանցվի, մանավանդ, որ եղած սուղ պայմաններում Հայաստանի տղամարդկանց մականախաղի հավաքականը Հունաստանում, 2013 թ. կայացած Եվրոպայի ակումբային առաջնության <<  Չելենջ – 3 >> անվանումով մրցաշարում, ութ թիմերի պայքարում, գրավել է երկրորդ տեղը: Բացի այդ,  անցյալ տարի Քութաիսում անցկացված  Եվրոպայի  մինչև 16 տարեկան տղաների<<  Հոկեյ – 5  - S >>  ստուգատեսում ու ևս մի քանի միջազգայիններում  դարձել է  մրցանակակիր:

Հուսանք, որ մեզանում կվերականգնվեն նախկինում եղած լավ ավանդույթները:

 

Այլ նորություններ